Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին այսօր պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու և ինչով է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն, լեգիտիմության պատճառով։ Մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն և խոչընդոտ, որպես օտարոտի և անհարազատ մի բան, քան կենսական անհրաժեշտություն։ Ինչ խոսք, սրանում դեր կարող են ունենալ և ունեն կարգավորումների, օրենքների երբեմն վատ որակը, բայց խոսքն այս պահին սրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին և պետական կարգին։
Այս թեմայի սոցիալ-հոգեբանական և պատմական շերտերին անդրադարձել եմ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը վերաբերող իմ բանախոսություններում և եզրակացությունս այն է, որ մեր պատմական ընկալումը և փորձն այն մասին է, որ օրենքը, իրավակարգն ուրիշների կողմից մեզ պարտադրված ապրելու կանոններ են և իրոք այսպես եղել է մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի, և ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում։
Իրավակարգի, այսպիսով նաև՝ պետության նկատմամբ օտարության, դրանցից կտրվածության քաղաքացիների այս զգացողությունը մեր պետության ներքին անվտանգությանը, նրա հարատևության օրակարգին սպառնացող լրջագույն և մեզանում էականորեն թերագնահատված, նույնիսկ չնկատված վտանգ է։
Թվում է, թե այդ զգացողությունը պետք է հաղթահարված լիներ մեր անկախ պետության ձևավորման հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենևին հաղթահարված չէ, և պետական մարմինների աշխատողներին, թերևս սա տեսանելի է ամենօրյա աշխատանքում։ Ո՞րն է ուրեմն 34 տարվա անկախությունից հետո այս երևույթի գոյության պատճառը։
Միանշանակ և աներկբա՝ պատճառն այն է, որ 1995 թվականին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ Սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից, իր կամքից, որ ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 1995 թվականի և հետագա սահմանադրական հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքն էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։
Եվ ստացվել է, որ ապրելու կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները, և ոչ թե ինքը՝ քաղաքացին։ Սահմանադրությունը, հարգելի՛ ներկաներ, քաղաքացիների պայմանավորվածությունն է իրենց ապրելու կանոնների, քաղաքացի–քաղաքացի, քաղաքացի-պետություն հարաբերությունների կանոնների մասին։ Եվ այդ կանոններն արդյունավետ կերպով կաշխատեն, եթե դրանք իրոք լինեն և դառնան քաղաքացիների պայմանավորվածությունը, իսկ դա հնարավոր է միայն, եթե այդ կանոններն իրոք ընդունվեն, հաստատվեն ժողովրդի, այսինքն՝ սահմանադիրի իրապես ազատ կամարտահայտմամբ։
Այս է պատճառը, որ օրգանիկ սահմանադրական պրոցեսը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունումը չափազանց կարևոր է մեր պետության հարատևության և անվտանգության օրակարգի տեսակետից»։
Վարչապետն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու նոր Սահմանադրություն, և ոչ՝ սահմանադրական փոփոխություններ:
«Ինչու նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր կտակարանում է ասվում՝ նոր գինին նոր տիկերի մեջ։
Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է՝ «սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»։ Բայց կարգախոսն այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։
Նոր Սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր՝ պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աէրոդինամիկա, էլի պայմանական, և աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ՝ ավտոմեքենա՞, ինքնաթի՞ռ, թե տիեզերանավ։
Հենց սրա համար է կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»,-նշել է նա: