00:00:00

Խաղաղության կարևորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում

20:10, 18 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ, մասնակցում է Ստամբուլում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով:

«2021 թվականին Հայաստանի ժողովուրդը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հստակ ձևակերպել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր ձգտումը, և մենք՝ որպես կառավարող թիմ, ամեն բան արել ենք հարևանների հետ բարիդրացիական և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Այսօր կարող եմ արձանագրել, որ օգոստոսի 8-ից՝ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, խաղաղությունն այլևս իրականություն է:

Մեզ համար միանշանակ է, որ խաղաղության կարևորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները, որոնց պարագայում է հնարավոր մարդու իրավունքների և միջազգային պարտավորությունների հարգումն ու պահպանումը:

Այստեղ է, որ մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների թե՛ ուղիղ, թե՛ հիբրիդային գործիքների միջոցով: Երկու օր առաջ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում մենք տեսանք այս ամենը, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ հաղթեցին ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը:

2026 թվականի ամռանը Հայաստանում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ, և էլ ավելի մեծ ուժեր են կենտրոնացվելու մեր ժողովրդավարությանը վնասելու, ժողովրդից իշխանությունը գողանալու համար:

Հենց այստեղ է, որ մենք ակնկալում ենք շարունակական աջակցություն ժողովրդավարությունը պաշտպանելու և խաղաղության օրակարգն անշրջելի դարձնելու համար:

Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում ժողովրդավարությունը հաղթելու է, խաղաղությունը հաղթելու է:

Եվ ես նաև շնորհակալ եմ թուրքական կողմին՝ ջերմ ընդունելության ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի համար»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր