Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:
Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։
Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀԾՖ նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ։