Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում խոսել է Պորտուգալիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումից սպասելիքների մասին։
«Ես զգում եմ եւ մեր թիմը զգում է պատասխանատվություն եւ ճնշում, որովհետեւ մենք մեր ֆուտբոլը, մեր երկիրը պետք է ներկայացնենք։ Պորտուգալիան շատ լուրջ մրցակից է եւ չենք կարող հասնել այն արդյունքին եւ հանգիստ լինենք։ Բայց այս թիմի դեմ խաղից կարելի է այն օգուտը ստանալ, որը պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։
Մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք։ Լրջագույն ճնշման տակ պետք է հասկանամ անհատական եւ թիմային աշխատանքը ինչ մակարդակի վրա է։ Հասկանանք, թե ինչ է փոխվել այս երկու-երեք ամսում։ Ունենք կորուստներ, բայց պատրաստ ենք պայքարին։ Ես կփորձեմ ստանալ առավելագույնն այս թիմին։
Իռլանդիա - Պորտուգալիա խաղը ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց տեսականորեն տարբերությունը շատ մեծ է մեր եւ Պորտուգալիայի թիմի միջեւ։ Պորտուգալիան մեծ ներուժ ունի, եւ Ռոնալդուի փոխարեն մեկ ուրիշ լավագույնը կլինի։ Պորտուգալիան շատ ուժեղ է, եւ մենք կփորձենք պայքարել այս թիմի դեմ։
Ես չեմ ցանկանա տեսնել մեր տղաների կողմից նման հարգանք Պորտուգալիայի թիմի նկատմամբ, ես ցանկանում եմ տեսնել մրցակցություն»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։