Օրեր առաջ ձերբակալել էին ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության համակիր, բլոգեր Օնիկ Հարությունյանին: Նա TikTok-ում ուղիղ եթերում քննադատություններ է հնչեցրել Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանի հասցեին:
Օնիկ Հարությունյանին կուսակցության Էջմիածնի շտաբի մոտից գետնին տապալելով տարել էին մի խումբ քաղաքացիական հագուստով մարդիկ, հետո թիմակիցները տեղեկացել են, որ ոստիկաններ են եղել ու բաժին են տարել: Թեև ուղիղ եթերի հաջորդ օրն են ընդդիմադիր բլոգերին ձերբակալել, բայց ոստիկանները հիմնավորել են, թե անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա են տարել: Նրան ձերբակալել են խուլիգանության հոդվածով, ՁՊՎ-ում էր 72 ժամ, այսօր լրացել է ժամկետը, սակայն այնտեղից դուրս գալուց անմիջապես հետո կրկին ձերբակալել են:
Մայր Հայաստան կուսակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը մեզ ասաց, որ նույն մեղադրանքով են կրկին ձերբակալել, նա վստահ է, որ իրենց համակրին կալանավորելու են։