ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որին ներկա են լինելու դիտորդական առաքելությունները։ Բանն այն է, որ «Անկախ դիտորդ» առաքելությունը դիմում է ներկայացրել՝ վաղը Վաղարշապատում կայանալիք ընտրությունները դիտարկել պատրաստվող մի քանի այլ առաքելությունների վերաբերյալ։
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել պատրաստվող Գոհար Մելոյանը, ով «Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ հիմնադիրն է, քիչ առաջ հայտնեց.
«Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պետք է լինի՝ հավատարմագրման հետ կապված հարցերով։ Այսինքն, հնարավոր է՝ վաղվա ընտրություններին մեր մասնակցության հարցը բարձրացվի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ ասաց Մելոյանը։