Շիրակի մարզն ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու ընտրական ցուցակից դուրս գալու և մանդատից հրաժարվելու դիմումներ է ստացել։
Հանձնաժողովն առաջիկայում նիստեր կգումարի դիմումները քննարկելու համար։ Ավագանու մանդատից հրաժարվողներից մեկը «Մեր քաղաքը» դաշինքից Նարեկ Միրզոյանն է։ Նա չէր ներկայացել նաև Գյումրու ավագանու վերջին նիստին։
Խմբակցությունից մեկնաբանել էին, որ պատճառը կնոջ առողջությունն է: Ավագանու մանդատից հրաժարվելու երկրորդ դիմումը Հայաստանի կոմունիստական կուսակցությունից է։ Ավագանու անդամը գտնվում է անազատության մեջ:
«Մեկը Տիգրան Ավագյանն է՝ Կոմունիստական կուսակցության, որը կալանավորված է, բայց համայնքի ղեկավարն արձանագրությունը կազմել է, մենք հիմնվում ենք այդ արձանագրության վրա: Կոմունիստական կուսակցության ցուցակի հաջորդ համարին կտանք մանդատ: Նույնը վերաբերում է Նարեկ Միրզոյանին: Իր վերաբերյալ էլ ենք ստացել արձանագրություն համայնքի ղեկավարից, և նույնպես այս պարագայում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի հերթական համարին կտրամադրվի մանդատ»,- նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: