00:00:00

Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը և Դավիթ Ֆիդանյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում, Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալներից են. ՀՀԿ

19:28, 14 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը.

 

«- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներով, որոնք երաշխավորում են խոսքի, հավաքների և կարծիքի, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումների արտահայտման ազատությունը,

 

- Վերահաստատելով հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ունենալու իշխանություն, որը հարգում է իրավական պետության սկզբունքները և պաշտպանում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ստանձնած միջազգային պարտավորությունները,

 

- Մտահոգվելով ներկայիս ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու գործողությունների ապօրինի և համակարգային բնույթով,

 

- Արձանագրելով, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

 

1. Աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին։

 

2. Անվերապահ դատապարտում է «Antifake.am» լրատվական կայքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները՝ որպես ակտ, որն ուղղված է ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը, և բացահայտ բռնության դրսևորում ազատ մամուլի նկատմամբ:

 

3. Հաստատում է, որ այդ իրադարձությունները սոսկ դիպվածային դրսևորումներ չեն, այլ ուղղակի արտահայտումն են երկրում երկարատև ավտորիտար միտումների, ինչը հաստատում է ռեժիմի մտադրությունը՝ կառավարել վախի և ճնշման միջոցով:

 

4. Պահանջում է բոլոր քաղբանտարկյալների, ներառյալ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Դավիթ Ֆիդանյանի և քաղաքական մոտիվներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:

 

5. Հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:

 

Մենք կոչ ենք անում նրանց.

 

· Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:

 

· Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:

 

· Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին:

 

Հանրապետականը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը ժողովրդավարության վերականգնման գործին և հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ կատարված հանցագործությունների համար այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրական պայքարին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր