Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այն բանից հետո, երբ գիշերը ռուսական «Իսկանդեր» հրթիռի բեկորներն ընկել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է իր Telegram ալիքում։
«Շնորհակալություն աջակցության և մեր ժողովրդին ցավակցությունների համար։ Այս գիշեր ռուսները հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ են օգտագործել ուկրաինացիների դեմ։ Դժբախտաբար, կան ավերածություններ և վնասներ։ Վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Պարոն նախագահը դատապարտեց այս հարվածը և ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ», - գրել է Զելենսկին Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցի մասին։
Վերջին տվյալներով՝ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով 6 մարդ զոհվել է, 45-ը՝ վիրավորվել։ Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ երկրի ուղղությամբ արձակելով, ընդհանուր առմամբ, 18 հրթիռ և 430 անօդաչու թռչող սարք։