Գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրների հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում, Վրաստանում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապն արտահայտվում է նաև մշակույթի միջոցով. այս տարի հունիսին Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այժմ ընթացքի մեջ են Վրաստանում հայկական մշակույթի օրերի նախապատրաստական աշխատանքները։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարբեր ոլորտային ուղղություններով փոխգործակցությանը զուգահեռ ինտենսիվ է ԱԳ նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը: Պարբերական բնույթ են կրում խորհրդակցությունները, շփումները: Պաշտոնական խորհրդակցությունների վերջին նիստը տեղի է ունեցել օգոստոսին Երևանում»,- նշել է նա։
Միրզոյանն ասել է, որ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել միջազգային տարբեր թեմաների շուրջ։
«Քննարկել ենք նաև բազմակողմ հարթակներում՝ գործադիր և օրենսդիր ուղղություններով փոխգործակցության հարցեր։
Մյուս տարի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին մասնակցության համար վրացական կողմին սպասելու ենք Երևանում։
Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, հարգելի՛ նախարար Բոճորիշվիլի, այսօրվա քննարկումների և Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական, գործնական փոխկապակցվածությունը հետևողականորեն առաջ տանելու պատրաստակամության համար»,- հավելել է Միրզոյանը։