Ղազախական ցորենի հետ կապված այդ ի՞նչ է կատարվում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որ նայես՝ ոնց որ Операция «Ы» и другие приключения Шурика»-ի սցենարիստները գրած լինեն»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ցանկացած ցորեն շուկայական ապրանք է։
«Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով, այս ի՞նչ թեմա է՝ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է՝ 1262-րդ սորտի լինի՝ մարդ է, գնացել, իր փողը տվել, ապրանք է առել ու, որ պետք է բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։
«Պաշտոնապես ասում եմ՝ երբեք չի հրաժարվի, բայց Հայաստանը երբեք չի հրաժարվիի տեսնելուց, թե շուկայում էլ ի՞նչ կա, էլ ո՞վ է ցորեն վաճառում։ Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա ու ասի՝ «ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք» ու մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք, չի լինելու նման բան»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե այլ վաճառողներից առաջարկներ կան, իսկ Հայաստանը հետաքրքրված է գնով, նաև՝ որակով։
«Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է, ես չեմ հասկանում այդ ռեժիմը՝ տե՞ր ես, որդյակս, հնազա՞նդ ես... նման հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ նույնիսկ Եզրասի (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը) օրհնությամբ ոչ մեկի հետ հարաբերության մեջ չենք մտել»,- ասաց Հայաստանի վարչապետը։