Թուրքական Տրապիզոնից մեկնող «Sea Bridge» լաստանավը երեք օր է, ինչ գտնվում է Սոչիի ափերի մոտ՝ սպասելով հանգստավայրի նավահանգստում կանգառ կատարելու թույլտվությանը: Նավը շարունակում է խարսխված մնալ ներքին խարսխակայանում, TASS-ին ասել է այս երթուղին կազմակերպող և սպասարկող SVS Shipping ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Թուրքմենյանը:
Նավը Տրապիզոնից դուրս է եկել նոյեմբերի 5-ին, Հայաստանի ժամանակով ժամը 20:40-ին և նոյեմբերի 6-ի առավոտյան կանգ է առել Սոչիի ռեյդում՝ սպասելով նավահանգիստ մուտք գործելու թույլտվությանը։ Լաստանավի վրա գտնվում է 20 ուղևոր՝ Թուրքիայի 2 և ՌԴ 18 քաղաքացի, որոնք անհատական կարգով տոմսեր էին գնել այս ուղևորության համար։ Մինչև նոյեմբերի 7-ի կեսօրը, Թուրքմենյանի տեղեկատվությամբ, լաստանավը թույլտվություն էր ստացել ՌԴ ներքին ջրեր մուտք գործելու համար, իսկ ժամը 16:00-ին ավարտվել էր վերջինիս զննման աշխատանքները։ Ակնկալվում էր, որ ուղևորները կիջնեն և լաստանավը կգնա հակառակ ուղղությամբ՝ մոտավորապես ժամը 21:00-ին, սակայն դա տեղի չի ունեցել։
«Մենք կանգնած ենք խարսխակայանում։ Սպասում ենք, թե երբ Կրասնոդարի իշխանությունները կկարդան մեր ռապորտը (նոյեմբերի 7-ին նավի զննումից հետո կազմված և ստորագրված ակտը - TASS-ի նշում) և թույլտվություն կտան մուտք գործել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանեց, որ նավի ուղևորներին տրամարդվել է ջուր և սնունդ․ նավի վրա իրավիճակը հանգիստ է։ Ակնկալվում է, որ Սոչիի նավահանգստում կանգառ անելու թույլտվության հարցը կլուծվի մինչև նոյեմբերի 8-ի երեկոյան, հավելել է Թուրքմենյանը։
Ավելի վաղ լաստանավը փորձնական ուղևորություն է կատարել Տրապիզոնից դեպի Սոչի, սակայն հետ էր վերադարձել անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել էր, որ Սոչիի նավահանգստում անհրաժեշտ ընթացակարգերը կազմակերպելը դեռևս անհնար է. առաջնահերթ խնդիրը հանգստի եկող մարդկանց անվտանգությունն ապահովելն է։
Սոչիի և Տրապիզոնի միջև լաստանավային հաղորդակցությունը նախատեսվել է վերսկսել 14 տարի տևած դադարից հետո. լաստանավերը շահագործվել են 1993-ից 2011 թվականները։