Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի, ժողովրդագրության, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտներում, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում կազմակերպության հետ ձևավորված փոխվստահության մթնոլորտն ու արդյունավետ համագործակցությունը թույլ են տալիս ՄԱԿ-ի հետ հարաբերությունները դիտարկել երկարաժամկետ հեռանկարով։
Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ կազմակերպության գործակալությունները ներկայումս ակտիվորեն գործում են Հայաստանում՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև խնամքի տնտեսության տեսլականի զարգացման և Համաշխարհային սոցիալական գագաթնաժողովին մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխգործակցությունը։