Իշխանությունները նախատեսում են չեղարկել պետական ծառայողների համար օրենքով սահմանված տարիքի առավելագույն սահմանաչափը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով պետական ծառայության պաշտոն կարելի է զբաղեցնել նաև 65 տարեկանը լրանալուց հետո։
Թորոսյանն ասաց, որ ավելի վաղ նման սահմանափակումն արդեն հանվել էր մասնավոր հատվածում. եթե աշխատանքից ազատելու այլ հիմքեր չկան, գործատուներին արգելվում է աշխատակիցների հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները միայն նրանց կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով:
Ըստ նախարարի՝ սա ևս մեկ միջոց է` ուղղված զբաղվածության աջակցմանը և ակտիվ աշխատանքային տարիքի երկարացմանը։ Նա հավելեց, որ դա նաև դրական տնտեսական էֆեկտ կունենա` հատկապես ծնելիության նվազման պայմաններում։