Մարզային պոլիկլինիկաները բարեփոխման լուրջ խնդիր ունեն, ենթակառուցվածքների հետ կապված հարցեր կան: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակը ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն
Նա, մասնավորապես, նշեց. «Մարզային պոլիկլինիկաների բարեփոխման լուրջ խնդիր ունենք: Բոլոր այն տեղերում, որ պոլիկլինիկաները մարզային բժշկական կենտրոնների մեջ չեն և չեն վերակառուցվել այդ տրամաբանության մեջ, ենթակառուցվածքների շատ լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ նախարարության համար դա առաջնային լուծման հարց է:
Խոսելով մարզային բուժհաստատությունների բուժաշխատողների մասնագիտական կարողությունների ապահովման մասին՝ Ավանեսյանն ասաց, որ ավելացրել են բյուջետային միջոցները՝ բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպությունների համալրման ուղղությամբ:
«Անընդհատ պետք է ձևաչափերը ճշգրտել, փոփոխել: Պետք է հասկանալ, թե մասնագետներն ինչի կարիք ունեն մարզային ԲԿ տեղափոխվելու, ինչով կարող ենք ավելի մոտիվացնել»,-նշեց նա:
Նախարարը նաև նկատեց, որ մարզային այն բժշկական հաստատությունների դեպքում, որոնք նոր են վերաբացվել կամ այնտեղ ծառայություններ են համալրվել, տեսնում են շարժ այդ ուղղություններով: