Պակիստանի Սենատի նախագահ Յուսուֆ Ռեզա Գիլանին ադրբեջանական իշխանական APA գործակալությանը հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է այն մասին, թե երբ Պակիստանի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցություն կհաստատվի։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և երկու երկրներն էլ համաձայնել են հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններից։ Ներկայում Հայաստանի և Պակիստանի խորհրդարանների միջև փոխգործակցություն չկա։ Սակայն խաղաղության բանակցությունների ավարտից հետո մենք կքննարկենք այս հարցը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում էր ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։ Նրանք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե են ստորագրել։