00:00:00

ՀՀ ԱԻ նախարար. «Աղետակայուն հասարակության կառուցումը սկսվում է մանկապարտեզներից»

02:30, 31 մայիս 2018 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և UNICEF-ի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի պատասխանատու Տիգրան Թովմասյանին: Կողմերը վերահաստատեցին ՀՀ ԱԻՆ-ի և UNICEF-ի կողմից արդեն իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև՝ պատրաստակամություն հայտնեցին ընդլայնել և խորացնել համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում երեխաների՝ աղետներից պաշտպանվածության և համայնքների դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրները: Մասնավորապես իրականացվելու է աջակցություն կրթական, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտների պատկան մարմիններին՝ որդեգրել համալիր քաղաքականություններ, մեթոդաբանություններ և գործիքներ՝ դպրոցներում երեխաների անվտանգությունը և բնապահպանական հարցերը բարելավելու նպատակով: Օժանդակություն է տրամադրվելու նաև ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հաստատմանը և իրականացմանը՝ հատկապես նպաստելով մարզային կրթության համար պատասխանատու կառույցների և արտակարգ իրավիճակների ոլորտների պատկան մարմինների փոխգործակցության կարողությունների զարգացմանը: Իր խոսքում ԱԻ նախարարը շեշտեց, որ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում կարևորագույն բաղադրիչ է երեխաների կրթությունը. «Աղետակայուն հասարակություն կարող ենք կառուցել միմիայն աղետների և դրանց դիմակայելու մասին գիտելիքները դեռ մանկապարտեզից երեխաներին ուսուցանելով»,-ասաց նախարար Ռոստոմյանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին մշակել արդեն առկա և նոր մշակվող ծրագրերի իրականացման հստակ պլան-ժամանակացույց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր