Գիտակցելով խաղաղության ողջ նշանակությունը՝ Վրաստանն իր ներդրումն է ունենում Հարավային Կովկասի վերափոխման գործում և ձգտում է այն հակամարտությունների գոտուց վերածել քաղաքակրթությունների երկխոսության և տնտեսական բարգավաճման տարածքի: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունը, ինչպես նաև նրա ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արյունալի պատերազմի շուտափույթ ավարտի շուրջ։
Վրաստանը մշտապես աջակցել և ակտիվորեն ձգտել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև հարևան երկրների միջև վստահության և համագործակցության խորացմանը:
Դարեր շարունակ մեր երկիրը եղել է քաղաքակրթությունների խաչմերուկ և տարբեր մշակույթների միջև երկխոսության տարածք: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ սերտ հարաբերությունները, Եվրամիության հետ գործող համաձայնագրերը եւ Վրաստանի առանցքային դիրքը միջին միջանցքում մեր երկրին հատուկ նշանակություն են տալիս ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածքում»: