00:00:00

Մեզ անհրաժեշտ է վճռական մասնակցություն. Մանուկյանը կոչ է անում լինել դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Միքայել Սրբազանի

08:08, 14 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը հանդես է եկել հայտարարություն կոչով, որն ուղղված է քաղաքական ուժերին և ՀՀ քաղաքացիներին.

«Հայրենակիցներ,

Սեպտեմբերի 15-ը որոշիչ է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ Մեծ հավանականությամբ իշխանությունը, կամակատար դատավորի միջոցով կփորձի նրան շարունակել պահել անօրինական անազատության մեջ։

Բայց հարցը միայն Միքայել արքեպիսկոպոսի ճակատագիրը չէ։ Սա մեր արժանապատվության, մեր ազատության և մեր ժողովրդի իրավունքի հարցն է։ Երբ այսօր լռում ենք Սրբազանի նկատմամբ կատարվող անօրինականության առաջ, վաղը նույն անարդարությունը կդիպչի յուրաքանչյուրիս կյանքին։

Ես կոչ եմ անում բոլորիդ՝ միասնաբար կանգնել ճշմարտության և արդարության կողքին։ Սա լինելու է ոչ միայն պայքար մեկ հոգևորականի ազատության համար, այլև մեր ժողովրդի հավաքական ձայնը, որ այլևս չենք հանդուրժում անարդարությունը։

Մեզ անհրաժեշտ է վճռական մասնակցություն, որպեսզի միասին ձևավորենք այն կենդանի պատը, որի առաջ կկանգնի իշխանության անօրինությունը։ Մեր համախմբվածությունը կդառնա այն ուժը, որի դեմ ոչ մի անարդարություն չի կարող դիմադրել։

Միքայել արքեպիսկոպոսը 62-ամյա հոգևորական է, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին։ Այսօր նա սպասում է մեր համերաշխությանը։

Հայրենակիցներ, սա պարզապես կարեկցանք չէ։ Սա ինքնապաշտպանական պայքար է մեր արժանապատվության և մեր ժողովրդի ապագայի համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը։ Եկեք ցույց տանք, որ ուժը մենքի մեջ է։

Սեպտեմբերի 15-ին մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի  դիմաց։ (Հասցե՝ Գյուլիքևխյան 20)։

Միացեք մեզ՝ կամ ձեր ներկայությամբ, կամ այս նյութը տարածելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր