00:00:00

«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում. «Հետք»

11:05, 15 հուլիս 2025 Քաղաքականություն

«Հետքը»-ի հաղորդմամբ՝ գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի:

Նկատենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին եւ 2012-ի օգոստոսին 14 տարի ժամկետով (մինչեւ 2026 թ. դեկտեմբեր) Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել:

2001-2024 թթ. ընկերությունը կոչվում էր «Վարդանի զարթոնքը» եւ փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:  

2014-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (George Howard Richmond), որն իրականում վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի, Սեյշելյան կղզիներում գրանցված իր Coeur Gold Armenia Ltd-ի միջոցով ձեռք էր բերել «Վարդանի զարթոնքը» եւ «ՎայքԳոլդ» ընկերությունների 80 %-ը («ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն այն ժամանակ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ուներ, որից հետո զրկվել է): Ընդ որում՝ «ՎայքԳոլդը» եւս փոխկապակցված էր Վարդան Այվազյանին:

Օֆշորային Coeur Gold Armenia-ն «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի 80 %-ի փայատերն էր 2014-2018 թթ.:

2020-ի օգոստոսին ՏԿԵ այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Վարդանի զարթոնքը» զրկվել էր Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիայից. պարզվել էր, որ նախորդ 8 տարիների ընթացքում ընկերությունն այդպես էլ արդյունահանում չի իրականացրել: Պապիկյանի հրամանն անվավեր ճանաչելու համար հանքարդյունաբերողը դիմել էր Վարչական դատարան, որտեղ, ի վերջո, 2023-ի հունիսին կողմերը (ՍՊԸ-ն ու ՏԿԵՆ-ը) հաշտություն էին կնքել՝ ընկերության շահագործման իրավունքը վերականգնվել էր:

2020-ի նոյեմբերից մինչեւ 2023-ի մարտ ընկերության միակ սեփականատերը երեւանցի Հրաչյա Հովհաննիսյանն էր, որի հետ նախկինում համասեփականատեր էին Վարդան Այվազյանի ավագ որդին՝ Սուրեն Այվազյանը, ինչպես նաեւ Այվազյանների իրավաբանական թիմի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը: 2023-ի մարտին Հովհաննիսյանն իր ամբողջ բաժնեմասը հանձնել է երեւանցի Լիանա Միքայելյանին (Մուքայելյան): Վերջինս դատարաններում «ՎայքԳոլդ» եւ «Վարդանի զարթոնքը» ընկերությունների շահերը ներկայացրած փաստաբան Կարո Միքայելյանի կինն է: Կարո Միքայելյանն էլ նախկին դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Ստեփան Միքայելյանի որդին է:

Ընդ որում՝ 2024-ի օգոստոսից հենց Կ. Միքայելյանն է «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի տնօրենը: 

Վարդան Այվազյանը, Սուրեն Այվազյանն ու Կարո Միքայելյանը՝ Գիորգի Ռոմանովի (նույն իր՝ Գեորգի Մգալոբլիշվիլու) ֆեյսբուքյան ընկերների թվում

2024-ի դեկտեմբերին այս ընկերությունն անվանափոխվել է՝ դառնալով «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ (GMN Gold Mining):

Դրանից շատ չանցած՝ ապրիլին, Լ. Միքայելյանն իր 100 % բաժնեմասից 50-ը փոխանցել է գործարար, «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանին: Ներկայում Միքայելյանն ու Սուքիասյանը հավասարաչափ կիսում են GMN Gold Mining-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մարվող հանքաքարի ընդհանուր ծավալը 139.600 տոննա է, տարեկան արդյունահանման ծավալը՝ 10.000 տոննա: Հանքաքարի մեջ մետաղների պարունակությունը գնահատվել է այսպես. ոսկի՝ 641,5 կգ, արծաթ՝ 51 տ, կապար՝ 1047 տ, ցինկ՝ 1506 տ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր