00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

14:29, 29 մայիս 2018

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 29-ին ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում հաստատված արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տոյվո Կլաարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու Եվրամիության պատրաստակամությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար: Հանդիպման օրակարգում էին նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման մասին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։ Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ընդգծելով, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել, նախարար Մնացականյանն արձանագրեց, որ Բաքվի հռետորաբանությունն ամբողջությամբ հակառակն անելով՝ բացասական է ազդում, և հետևապես պետք է կանխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր