Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել մաքսայինում կատարված փոքր չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց և այլն: «Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երևույթներ նույնիսկ եղել են, հայտնի է եղել իրենց, հայտնի չի եղել, մենք բոլորով հանրության հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ: Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ մամուլում շատ են եղել «չայեվոյների» մասին հրապարակումներ, հիմա ինքը ասում է, որ նման կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ անել: «Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա դա անելու, և եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ մենք ուրեմն ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի: Թե նախկինում ինչ է եղել, նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես օրինակ պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, ինքը խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Հարցին, թե արդյոք պետք չէ կադրային փոփոխություններ անի ու նախկինում կոռումպացվածներին հեռացնի համակարգից, Անանյանն արձագանքեց. «Ուշադիր եղեք, կտեսնեք, որ արմատական կադրային փոփոխություններ են արվել ՊԵԿ-ում ու շարունակվում են, ուղղակի հետևեք»: