Ավագ շաբաթ, Ճրագալույց
Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է:
«Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:
Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից:
«Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61):