Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում, Միրզոյանը պատասխանել է․
«Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան որ հասկանում եմ»։
Դիտարկմանը՝ «Այդ մասին նշեց նաև Ջեյհուն Բայրամովը՝ քննարկման ընթացքում»,- Միրզոյանն արձագանքել է․ «Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է, և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ոչ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը»։