Եվրամիությունը կշարունակի աշխատել միջոցների ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ բարձրացրած մաքսատուրքերի, չնայած դրանց մասնակի դադարեցմանը։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվրահանձնաժողովի հետ միասին մենք պետք է ցուցադրենք մեր ուժը. Եվրոպան պետք է շարունակի աշխատել բոլոր անհրաժեշտ հակամիջոցների ուղղությամբ եւ գործի դնի բոլոր առկա լծակները, որպեսզի պաշտպանի իրեն, ինչպես նաեւ կանխի մեր շուկայի ապակայունացումը երրորդ երկրներ [ապրանքների] հոսքից,- հայտնել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի մասնակի դադարեցումը 90 օրով «փխրուն դադար» է։ «Այն փխրուն է, որովհետեւ 25 տոկոս սակագները պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների վրա եւ 10 տոկոս մաքսատուրքերը մնացած բոլոր ապրանքների վրա դեռեւս գործում են։ Դրանք ԵՄ-ի վրա 52 մլրդ եվրո են նստում,- նշել է Մակրոնը։- Այդ դադարը փխրուն է նաեւ այն պատճառով, որ նշանակում է անորոշության 90 օր մեր բոլոր ձեռնարկությունների համար Ատլանտիկայի երկու կողմերում եւ նրա սահմաններից դուրս»։
Նա ընդգծել է, որ Եվրոպան մտադիր է պաշտպանել իրեն եւ հասնել մաքսատուրքերի չեղարկման ԱՄՆ-ի հետ արդար համաձայնագրի շրջանակում։