00:00:00

Տնտեսական անկումից մինչև սոցիալական դժգոհություն. ո՞ւր է նայում կառավարությունը, պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը

14:57, 10 ապրիլ 2025 Քաղաքականություն

Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նվազում է։ 2025-ի փետրվարին (պաշտոնապես հրապարակված ամենավերջինը փետրվարի տվյալներն են) տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է ընդամենը 1.5%, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին, օրինակ, այն 17.2% էր։ 2025թ. հունվար-փետրվար ամիսների կուտակային ՏԱՑ-ը (4.1%) 3.5 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արդյո՞ք այս ցուցանիշները բավարար ազդակ են կառավարությանը՝ գիտակցելու համար, որ իրավիճակը պահանջում է հիմնարար մոտեցումների վերանայում:

Արդյունաբերության ոլորտի անկումն արդեն սպառնում է դառնալ համակարգային։ Եթե 2024թ. նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճն ապահովվել էր ոսկու վերաարտահանման գործընթացի միջոցով, ապա 2025-ին այդ արտածին գործոնի չեզոքացումը տնտեսության մեջ խոր անդունդ է ստեղծել: Ռուսաստանից ոսկյա զարդերը ներմուծվում էին Հայաստան, այնուհետև դրանց մի մասը՝ որպես կիսաֆաբրիկատ, որոշակի վերամշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան արտադրանք՝ արտահանվում էին արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ և Հոնկոնգ)։

Վերջին շրջանում այս արտածին գործոնի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ չեզոքացել է։ Այն, ինչ կարելի էր կանխատեսել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էին ոլորտի փորձագետները և ինչին կարող էր կառավարությունը պատրաստվել, անտեսվեց, ու արդյունքը դարձավ ոլորտի 26.6% անկման պատճառ (փետրվարի տվյալներով): Հունվարին ևս անկում էր արձանագրվել, սակայն փետրվարին անկումը շեշտակիորեն խորացել է՝ ավելի քան 2.5 անգամ։ Էլ չասած, որ անցյալ տարվա փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր վիթխարի՝ 37.3% աճ։

Փոխարենը՝ կառավարությունը շարունակում է բացառապես կարճաժամկետ քայլեր ձեռնարկել՝ առանց երկարաժամկետ զարգացման ռազմավարության: Հանքարդյունաբերության նվազումը՝ 19.2%-ով, ևս վկայում է ոլորտի անկառավարելի վիճակի մասին: Այսինքն՝ անկման պատճառը միայն հիմնական մետաղների արտադրության կրճատման հետևանք չէ։ Այդ ընթացքում առևտրի ոլորտում, որը կարող էր որոշակի կայունություն բերել տնտեսությանը, նույնպես աճի տեմպի կտրուկ դանդաղում է նկատվում. 2025-ի փետրվարին այն կազմել է ընդամենը 6.0%, մինչդեռ անցյալ տարվա փետրվարին այն 28.3% էր: Եթե տնտեսության լոկոմոտիվների գլխավոր շարժիչները չեն գործում, ինչի՞ վրա է հիմնված կառավարության ռազմավարությունը:

Արտահանման 60% և ներմուծման 46% անկումը վկայում են արտաքին տնտեսական հարաբերությունների և դիվանագիտական ձախողումների մասին: Այստեղ կարևոր է նշել, որ կառավարությունը չի ձեռնարկել գործողություններ, որոնք կարող էին մեղմել այս վիճակը՝ ներգրավելով միջազգային տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ:

Տնտեսական ակտիվության՝ տարվա առաջին ամիսների կտրվածքով արձանագրված զգալի նվազումը նաև վտանգավոր է նրանով, որ տնտեսական աճը, տարվա կտրվածքով, կարող է բյուջեով ամրագրված տեմպից զգալիորեն ավելի ցածր լինել: Բացի այդ, չափազանց մտահոգիչ է 2025թ. առաջին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան. նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ փետրվար ամսվա հավաքագրումների աճի տեմպը գրեթե եռակի զիջում է հունվար ամսվա ցուցանիշին, իսկ արդեն մարտին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նույնիսկ անկում է արձանագրվել։ Արդյունքում՝ մեծ է հավանականությունը, որ 2025թ. բյուջեի սցենարը չի իրականանա։

Զուգահեռաբար՝ գների և վարկային պարտավորությունների ծավալի աճը ծանր հարված են հասցնում Հայաստանի շարքային քաղաքացիներին: Մարտին գնաճը կազմել է 3.3% (ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից գնաճի վերաբերյալ պաշտոնապես հրապարակված ամենավերջին տվյալները վերաբերում են մարտ ամսվան), մինչդեռ նախորդ տարվա մարտին արձանագրվել էր 1.2% գնանկում։

Ընդ որում, սննդամթերքի գների աճն ավելի բարձր է՝ 5.4%։ Ավելին, որոշ պարենային ապրանքախմբերի գծով գների երկնիշ աճ է արձանագրվել. այսպես՝ «յուղեր և ճարպեր» ապրանքախմբի (այս խմբում են ներառված կարագը և բուսական յուղը) գներն աճել են միջին հաշվով 12.5%-ով, մրգերինը՝ 11.3%-ով, բանջարեղենինը՝ 21%-ով, ձկնեղենինը՝ 19.7%-ով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախմբինը՝ 16.1%-ով։ Զգալիորեն բարձրացել են նաև որոշ ծառայությունների սակագները։ Մասնավորապես, Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումն էապես նպաստել է տրանսպորտի ծառայությունների սակագնի աճին։ Սպառողական վարկերի 29.2% աճն էլ այս ֆոնին ուղղակիորեն վկայում է, որ մարդիկ ստիպված են ավելի շատ պարտքեր վերցնել՝ իրենց ամենօրյա կարիքները բավարարելու համար: Ի դեպ, միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է ընդամենը 4.2%-ով:

Հատկանշական է, որ սպառողական վարկերի ծավալը բավական «տպավորիչ» է նույնիսկ հանրապետության բոլոր վարձու աշխատողների (ներառյալ՝ վարկառու չհանդիսացող) ստացած աշխատավարձերի ընդհանուր մեծության հետ համեմատության պարագայում. Այսպես` 2025 թվականի փետրվարին սպառողական վարկերի ծավալը կազմել է 2024-ի (ողջ տարվա) ընթացքում բոլոր վարձու աշխատողների աշխատավարձերի ընդհանուր մեծության 56%-ը (նախքան հարկումը միջին ամսական անվանական աշխատավարձի և վարձու աշխատողների միջին թվաքանակի հաշվարկով)։ Այս փաստը վկայում է ձևավորված խիստ անհավասարակշռված իրավիճակի մասին, ինչը նույնպես կառավարության կողմից ոչ բավարար վերահսկողության և թիրախային քաղաքականության բացակայության հետևանք է:

Տնտեսական ակտիվության նվազումը, արդյունաբերության անկումը և արտաքին առևտրաշրջանառության կտրուկ դանդաղումը վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը գնալով դուրս է գալիս արտածին գործոններով պայմանավորված աճի փուլից և բախվում կառուցվածքային ու կառավարման իրական խնդիրների։ Կառավարությունը, որն անընդհատ խոստանում է բարեփոխումներ, մինչ այժմ ոչ միայն չի կարողացել արձագանքել առկա մարտահրավերներին, այլև իր գործողություններով և շատ դեպքերում՝ դրանց բացակայությամբ խորացրել է ճգնաժամային իրավիճակը:

Մանրամասները՝ հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր