Փողոց փակելն ընդամենը նախազգուշական քայլ էր, մեր քայլերը լինելու են հաջորդական, մենք մինչև չստանանք մեր հարցի ռեալ և խելամիտ պատասխանը, ճանապարհի երթեւեկությունը ընդհանրապես կդադարեցվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից Արթուր Մարտանյանը, ով ավագանու նախկին անդամ է՝ անդրադառնալով նրան, որ ընդամենը 5 րոպեով ճանապարհը փակեցին, ապա արագ բացեցին:
«Դա ընդամենը նախազգուշական քայլ էր։ Մենք սպասում ենք, պատկան մարմինների արձագանքին։ Կսպասենք 5-10 րոպե, դրանից հետո գուցե փողոց ենք փակելու, գուցե հացադուլ ենք հայտարարելու: Մենք ունենք հաջորդական քայլեր, որոնք շատ հստակ են, շատ կարևոր, շատ կոշտ: Ամեն ուշացման դեպքում մեր քայլերը կլինեն ավելի կոշտ»,-ասաց նա:
Նշենք, որ քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին: Նրանք ժամանակ առ ժամանակ փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն: