Իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,- ընդգծել է իրավապաշտպանը։
Նշենք, որ «Ռուսաստանի հայերի միությունը» իր հերթին ահազանգել է, որ Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել իր հայրենիք։
«Արդեն 5 ժամ է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան, չնայած ինքը ՀՀ քաղաքացի է»,- նշել են միությունից։