Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն ունեցել է Թուրքիայի կացության քարտ, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունի. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցը նաև նշել է, որ մինչև երեկո սպասելու են, որպեսզի իշխող կուսակցության կողմից ապացույցներ ներկայացվեն իրենց թեկնածուի՝ Թուրքիայի քաղաքացիության վերաբերյալ, հակառակ դեպքում հարցին լուծում կտան դատական կարգով։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, որ Գյումրիի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի քաղաքապետի թեկնածուն Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է նաև Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։ Սարիկ Մինասյանը, սակայն, չէր հստակեցրել, թե որ թեկնածուի մասին է խոսքը՝ ակնկալելով, որ հենց նա դրա մասին կբարձրաձայնի։
Արտյոմ Ղարաղազարյանը իր հերթին պարզաբանել է, որ ինքը գործարար է, գործի բերում լինում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, իսկ Թուրքիայի օրենքների համաձայն՝ ինքը պետք է կացության քարտ ունենար։
Ղարաղազարյանը հերքեց տարածվող լուրերը, թե ինքը հյուրանոցային բիզնես ունի՝ շեշտելով, որ Թուրքիայում որևէ սեփականություն չունի, պարզապես զբաղվում է բեռնափոխադրումներով, իսկ մեքենաները, որոնցով կազմակերպում է բեռնափոխադրումները, վրացական պետհամարանիշներով են։