Նոյեմբերի 20-ին կյանքից վաղաժամ հեռացավ վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը։ Գեղանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։ 2005թ․-ից Միկոյանցի մի շարք անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նրա գործերն ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։ 2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար: «Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Թենգիզ Միկոյանցի ընտանիքին, հարազատներին, վրաց ու հայ արվեստագիտական շրջանակներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Վստահ եմ, որ տաղանդաշատ նկարչի և համեստ մարդու բարի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում», - գրել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: