Վերջին օրերին ստացվեց հերթական լուրն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության մի կտոր ևս ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից։
«Caucasus Heritage Watch»–ը արբանյակային լուսանկարներն է հրապարակել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն ավերել է Լեռնային Ղարաբաղի Կովսական (Զանգելանի) շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին, որը համարվում էր տարածաշրջանի հին եկեղեցիներից մեկը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորման մասին խոսել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
«Ադրբեջանցիներն իրենց քաղաքականությանը բնորոշ՝ ոչնչացրին նաև այդ եկեղեցին։ Նման վայրագությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կա հստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամենը, ինչ հայկական է, իսկ եթե հնարավոր չէ մեր կարևորագույն հուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջև վերացնել, դրանք ներկայացնում են որպես ոչ հայկական։ Փաստացի սա նույն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում, որտեղ այսօր որևէ հայկական եկեղեցի, պատմամշակութային հուշարձան, հայկական արձանագրություն չի մնացել։ Դե իսկ Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատմությունն իմացավ ամբողջ աշխարհը, թեև վանդալների դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին»,- ասաց Ղազարյանը։
Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է այդ ամենն արձանագրի, դրանց վերաբերյալ պատրաստի փաստական նյութեր և փոխանցի համապատասխան միջազգային կառույցներին՝ փորձելով նրանց միջոցով ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա, որպեսզի գոնե հաջորդ հուշարձանին նրանց բարբարոսական ձեռքը չհասնի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։