00:00:00

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը

10:28, 20 նոյեմբեր 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել երեխաների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի´ երեխաներ,

Հարգելի´ գործընկերներ,

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչը խիստ կարևոր է առավել ամուր և իրավունքահեն հասարակության ձևավորման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկուման արդյունքները ցույց են տալիս, որ առկա են երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համակարգային։ Մասնավորապես, արձանագրվել են խնդիրներ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման ու կանխարգելման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ դրանց պատշաճ հասցեավորման և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան միջավայրում ապրելու և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված: Դրանք վեր հանելու և լուծելու ուղիներ գտնելու նպատակով իմ և աշխատակազմի կողմից հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար իրականացվում են հանդիպումներ ուսումնական հաստատություններում սովորողների, խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների հետ, ներկայացվում են վերջիններիս իրավունքները, Պաշտպանին ինքնուրույն դիմելու մեխանիզմները։ Այս ամենի արդյունքում աճել է երեխաների իրազեկվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին, և երեխաները իրենց իրավունքների պաշտպանության հարցով ինքնուրույն դիմում են Պաշտպանին՝ բարձրացնելով ինչպես բուլինգի և վատ վերաբերմունքի, այնպես էլ՝ իրենց իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար, պետք է ունենանք օրինակելի վարքագիծ` նկատի ունենալով այն, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։

Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր