«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռավար զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Գևորգ Ռուբինյանը նրան հարցրել է.
«Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը. նույնիսկ «Գելլափի» վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել, և արդյոք պե՞տք է որևէ բան անել այդ տենդենցը կասեցնելու համար»:
Տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է.
«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պետպատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ոչ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ՝ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։
Այդ հարաբերությունների բարձր մակարդակը և խորությունը կենսական են Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի ապագայի համար։
Միաժամանակ պետք է ընդունել, որ ներկայումս պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքում երկու միակողմանի «սպասելիք» կա. առաջինը՝ «Ձեզ պետք է, դուք էլ իրար եկեք», և երկրորդը՝ «Վերականգնման ամենակարճ ճանապարհն անցնում է Դոնբասով»։
Ինչ վերաբերում է բուն հայ հասարակությանը, ապա քանի դեռ մենք ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, աշխարհում ոչ մեկին, առավել ևս՝ Ռուսաստանին, անուն կպցնելու ոչ մի բարոյական իրավունք չունենք»։