Irakanum.am–ն արդեն հայտնել էր, որ այսօր «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամները պատրաստվում են մանդատները վայր դնել։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է ներկայացրել։ Նման զարգացումների մասին մեկ շաբաթ է խոսվում էր։ Ուրբաթ օրը թիվ 31 ԸԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի 5 դիմում «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակից։ Նրանից մեկը փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն է, ով տնային կալանքի մեջ է գտնվում։
ԸԸ հանձնաժողովը առանձին առանձին քննարկել էին դիմումները եւ կողմ քվեարկել։ Նշենք որ նրանք գործող ավագանու անդամներ չեն, այլ ընտրական ցուցակի մեջ գտնվող անձինք են, ովքեր ավագանու անդամներ կարող էին դառնալ գործող անդամների հրաժրականներից հետո։ Ներկայում ընտրական ցուցակում մնում է մեկ անձ, ով երկրում չէ։
Փաստացի Գյումրին արտահերթ ընտրությունների է գնում, և ՔՊ-ն ըստ նախնական տեղեկությունների այդ ընտրություններին կմասնակցի, իսկ թեկնածուն կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Irakanum.am