Խորհրդարանում լրագրողների աշխատանքը խոչըդոտելու «հրովարտակ» իջեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը լրագրողներից «թռած» է ման գալիս։ Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանում այսօր 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, երբ նիստերի դահլիճում էր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ներս մտնել Փաշինյանի անվտանգությունն ու ԱԺ անվտանգությունն արգելեցին։ Լրագրողների օրինական մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը սույն անձինք պատճառաբանում էին ԱԺ աշխատակազմի ղեկավարի «որոշմամբ»։
Առաքելյան Դավիթն այդ ընթացքում չկար, որեւէ կերպ նրանից մեկնաբանություն ստանալ հնարավոր չէր։ Ինչպես է ստացվում, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները չեն կարող մուտք գործել դահլիճ և լուսաբանել բյուջեի քննարկումը։ Լրագրողները փորձեցին այնուամենայնիվ Դավիթ Առաքելյանին հանդիպել, սակայն աշխատասենյակում գտնվող պաշտոնյան նախապես «ապահովագրել» էր իրեն, աշխատակիցների միջոցով փոխանցելով, թե խիստ զբաղված է։ Ավելի ուշ Առաքելյան Դավիթի գրասենյակից զանգահարեցին և նշեցին, թե աշխատակազմի ղեկավարը որեւէ մեկնաբանություն չունի և հարցերը պետք է ուղղել լրատվականին։
Այլ կերպ ասած Առաքելյան Դավիթն այս անգամ էլ փորձեց կատարվածը «գցել» ԱԺ լրատվականի «ջեբը», մոռանալով, որ ԱԺ լրատվականը կատարում է բացառապես իր հրահանգը և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ կապ չունի։
Մեր պնդմանը, թե այնուամենայնիվ որոշ հարցեր ունենք անձամբ «զբաղված» Առաքելյանին և դրանք կարող են ուղղել այն ժամանակ, երբ իրեն հարմար է, գրասենյակից դարձյալ պնդեցին, թե նա որեւէ մեկնաբանություն չունի։ Ընդհանուր առմամբ առաջին անգամը չէ, որ սույն անձը նման կամայական որոշումներ է կայացնում և «կորում»։ Թերևս սա էլ ունի իր «բացատրությունը»։ Նա բանավոր հաղորդակցման խնդիր ունի, խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց։ Սա էլ միշտ լինում է այն պաշտոնյաների պարագայում, ովքեր բախտի բերմամբ հայտնվում են ղեկավարի աթոռին։
Irakanum.am