«Դյուցազնագիրքն» այսօր միանգամից մի քանի ռեկորդներով հարստացավ։ 3 հայ դյուցազուններ իրենց զարմանալի ուժը ցույց տվեցին։ 36-ամյա Դավիթ Ոսկանյանը, որը կրկեսի արտիստ է, հանդես է գալիս էքստրեմալ և յոգա ժանրերում, միաժամանակ գիտությամբ է զբաղվում, այս ամենին զուգահեռ այսօր «Դյուցազնագրքի» արդեն յոթակի ռեկորդակիր դարձավ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:
Առաջին ռեկորդը Դավիթը սահմանեց՝ 98 տոննա կշռող 3 վագոնից բաղկացած գնացքը 3 մետր 74 սմ քաշելով, ընդ որում` դա արեց դանակը կոկորդին դրած։
Երկրորդ ռեկորդի համար արդեն 2,2 տոննա կշռող ավտոմեքենան բարձրացավ պառկած դիրքում գտնվող Դավիթի վրա, միաժամանակ 60 կգ կշռող տղան էլ բահը սեղմեց Դավիթի կոկորդին ու կանգնեց դրա վրա։ Այս դիրքում Դավիթը մնաց 15 վայրկյան։
«Դյուցազնագրքի» հանձնաժողովը երկու ռեկորդն էլ ընդունեց ու գրանցեց։
«Իմ առաջ նպատակ եմ դնում և գնում դեպի այն։ Ռեկորդներից առաջ լրջորեն պատրաստվում եմ , ոչ միայն մկաններս եմ մարզում, այլև հատուկ իմ հորինած մարզումներով՝ նաև կոկորդս, որ դիմացկունությունը բարձրացնեմ»,- ասաց Դավիթն ու ավելացրեց՝ բազմաթիվ ծրագրեր կան, սակայն դեռ չի ցանկանում փակագծեր բացել։
Այսօր ռեկորդներ սահմանեցին նաև 34-ամյա Վարազդատ Հակոբյանը (2 ռեկորդ՝ աջ ձեռքի միջնամատով երկու գնացքով, 66 տոննա կշռող գնացքը ձգելով 2 մետր 30 սմ, իսկ երկրորդ վարժությունը՝ աջ ձեռքով ձգեց 133 տոննա կշռող 4 վագոն՝ 68 սմ) և 39-ամյա Արմենակ Ծատուրյանը (66 տոննա կշռող 2 վագոնները ձախ ձեռքով ձգեց 4 մետր 92 սմ):
Լրագրողների հետ զրույցում Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը հայտնեց, որ «Դյուցազնագրքի» ռեկորդների 80-83 տոկոսն ուժային են, թեպետ 2012 թվականից սկսած՝ գրքում կարող են նաև արվեստի ռեկորդներ գրանցվել։
«Հայ ժողովուրդը սիրում է ֆիզիկական ուժը ցուցադրել»,- ասաց Թովմասյանը։