00:00:00

Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար Հայաստանը 236 մլն եվրոյի չափով վարկ կստանա

16:24, 11 հոկտեմբեր 2024 Իրավական

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

 

ԱԺ-ից հայտնում են, որ զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12,5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ:

 

Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված:

 

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:

 

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

 

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր