Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի և Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանի գլխավորությամբ Ստեփանավան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա որոնողական աշխատանքներ էին իրականացվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 17-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս է եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն քանի օր է ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չունի, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէ։
Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի են անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չի տվել։
Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ են աշխատել, եղել են Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։
Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։
Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։
Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։
Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։
Պարզվում է, որ քննիչների աշխատանքի շնորհիվ տեղանքը հայտնաբերվում է ու դին դուրս է բերվում և քննիչի որոշմամբ հետագա զննության նպատակով այն տեղափոխվում է դիահերձարան։
Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խաչատրյանը, Անդրանիկ Օհանյանը, Հայկ Հովհաննիսյանը ու Արթուր Մամյանը։
Պարեկների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ դեպքի վայր էին ժամանել սպանվածի հարազատները և ոստիկաններին, պարեկներին ու քննիչներին հաջողվեց կանխել նրանց կողմից ենթադրյալ կասկածյալների նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան)։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել ու ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։
Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։
Դատարանը բավարարել է միջնորդությունը և նրանք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն պետք է գովասանքի խոսքեր ուղղել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնին, ովքեր իրենց կատարած փայլուն աշխատանքով ապացուցեցին թե ում օրն է 40 օր։