Նայեցի Հայաստանի և Իրանի սահմանին անցակետի սահմանային վերահսկողության գործառույթները ՌԴ ԴԱԾ-ից ՀՀ ԱԱԾ-ին փոխանցելու որոշման վերաբերյալ իրանական մամուլի հրապարակումները և ուշագրավ միտում նկատեցի։
Իրանցիները շատ զուսպ են մեկնաբանում այս որոշումը, բայց «տակից», արևելյան «խուճուճ» ձևով բարձրացնում են հետևյալ հարցերը.
Հնարավո՞ր է, որ հայկական կողմից անցակետում «միամիտ» հայտնվեն ամերիկացի կամ եվրոպացի իբր խորհրդականներ կամ ներկայացուցիչներ:
Եվ այս կոնտեքստում իրանցիները նրբանկատորեն ակնարկում են, որ եթե անցակետում «միամիտ» ի հայտ գան ամերիկացիներ կամ եվրոպացիներ, ապա Իրանը Հայաստանը կդիտարկի որպես սպառնալիք` իր համար։
Իսկ հիմա հիշենք, որ Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ և ԱՄՆ-ին (Իսրայելի առանցքային դաշնակցին) դիտարկում է որպես այդ դիմակայության պոտենցիալ հակառակորդ։
Եվ հիմա հարց. կարո՞ղ են արդյոք իրանցիները սկսել քայլեր ձեռնարկել չեզոքացնելու (առայժմ դիվանագիտական և քաղաքական քայլեր) իրենց համար ծագող այդ սպառնալիքը, որը, նրանց կարծիքով, կարող է բխել հայկական կողմից:
Իհարկե կարող են։
Ես ուղղակի զարմանում եմ, թե որքան պետք է ատել սեփական երկիրը (խոսքը Հայաստանի իշխանության մասին է), որպեսզի այսպես հարվածի տակ դնես։
Փաստ է այն, որ փաշինյանական իշխանությունների կողմից տարածաշրջանում ռուսական և իրանական գործոնի թուլացման վերաբերյալ ամերիկյան և թուրքական հրամանների կույր կատարումը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի համար վատ, վատ և շատ վատ հետևանքների։
Արման Աբովյան