00:00:00

Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն․ ՔԿ-ն՝ Դավթաշենում հատված բարդիների դեպքի մասին

17:50, 04 հոկտեմբեր 2024 Իրավական

2024 թվականի հոկտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տուն հասցեի հարակից հատվածում բարդի տեսակի թվով 45 հատ ծառ է ապօրինի հատվել, գրում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 3-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Նույն օրը Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան դիմաց կատարվել է դեպքի վայրի զննություն։ 

Արձանագրվել է, որ տան պարսպի երկայնքով՝ մոտ 0.5 մետր դեպի դուրս հեռավորության վրա, առկա են 45 հատ բարդի տեսակի կտրված ծառեր։ Պարզվել է, որ ծառերը, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են համայնքապատկան հողատարածքում, կտրվել են նշված հասցեի բնակչի կողմից՝ բանվորների միջոցով։ Վերջինս կատարվածի առնչությամբ տվել է ցուցմունք։ 

Դեպքի վայրի զննությամբ վերցվել է էլեկտրական սղոցը, իսկ կտրված ծառերը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր