Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։
ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը՝ բավարարելով ՀՀ ԱՆ միջնորդությունը։
Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրև, դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիս ամսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտարարել։