Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Հայ ընտանիքի սեռական խնդիրների մասին խոսեցինք բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։
Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Որքանո՞վ են հայերը հետևում իրենց սեռական առողջությանը: Ավելացե՞լ է արդյոք սեքսոպաթոլոգին դիմողների թիվը:
- Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին պրոգրես է ապրում համեմատած նախորդ տարիներին, որը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում` շնոորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, էլեկտրոնային նամակագրությունների, հասցվել է փոքրագույնի: Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչու չէ նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերվող հարցերը: Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում` կարծրանալով, հասցրել տրամաբանական հանգուցալուծմանը` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, կանանց մոտ ավելի շատ` հեշտանքի խանգարումների և, ի վերջո, անպտղության։ Որպես կանոն, սեռականին վերաբերվող հարցերը չենք դիտում իբրև մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ:
Հաճախ համացանցում գովազվում են զանազան սեռախթանիչ դեղամիջոցներ և բուսական հավելումներ։ Ձեր կարծիքը։
Չեմ ողջունում։ Առավել ևս՝ խելամիտ չէ առանց սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելու ինքնագլուխ բուժումներ ստանալ, սեռախթանիչ դեղեր ընդունել և այլն։ Ցանկացած դեղամիջոց, այդ թվում՝ բուսական, պետք է նշանակի սեքսոպաթոլոգը՝ հաշվի առնելով պացիենտի սեռական գանգատի բնույթը և պատճառը։
Շատ հաճախ զանգահարում են կամ գրում ասելով` խնդրում ենք մի դեղի անուն ասել, որը կօգնի լուծել սեռական խնդիրները: Այս դեպքում պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինել և բացատրել մարդկանց, որ մինչ ինչ որ դեղ նշանակելը հարկավոր է իմանալ խնդրի առաջացման պատճառները, քանի որ սեռական խնդիրների պատճառները տարաբնույթ են և բազմազան։ Այս դեպքում իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն: Ճիշտ և գրագետ խորհրդատվության արդյունքները համարվում են խնդրի լուծման կեսը: Մանրամասն խորհրդատվությունից հետո, եթե հարկ է լինում, բժշկի ցուցումով կատարվում են հավելյալ հետազոտություններ։
Ինչպիսի պատկերը է դիմելիության առումով։
Դիմելիության պատկերը այժմն փոխվել է, հիմա սկսել են ավելի շատ դիմել: Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Ինչ խոսք, նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հետազոտությունը ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:
Մեր կլինիկա դիմող այցելուների պատկերը մոտավորապես հետևյալն է. 50 տոկոս տղամարդիկ, 25 տոկոս՝ կանայք և 25 տոկոս ամուսնական զույգեր:
Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի և ի՞նչ խնդիրներով:
- Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն:
Ամուսնալուծությունների թիվը ավելացե՞լ է։
Ցավոք, այո։ Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ վիճակագրության համաձայն՝ 2022 թ․-ին 2021 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3,7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 10,6 տոկոսով:
Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամ և տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ–երրորդ տարում։ Որպես կանոն` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաև ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։
Մի տհաճ երևույթ էլ է նկատվում։ Վերջերս սկսել են շատ դիմել սեռական աններդաշնակության խնդիրներով ամուսնական զույգեր, որոնց կոնֆկլիտների մեխը, որքան էլ որ տարօրինակ թվա, քաղաքական սուր տարաձայնություններն են։ Մեր հանրությունը, ցավոք, արհեստականորեն շատ է քաղաքականացվել, մարդկանց անմտորեն բաժանել են նախկինների և ներկաների, լավերի ու վատերի, ինչի արդյունքում ընտանիքումներում սկսել է աճել կոնֆլիկտայնությունը՝ հաճախ հանգեցնելով ընտանեկան-սեռական աններդաշնակությունների։ Սա մերժելի երևույթ է, որը պետք է անպայման կասեցնել։ Կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Ամուր պահեք ընտանիքը։