00:00:00

Ստեղծվել է հանրակրթության և արտադպրոցական ոլորտների փորձագետների շտեմարան

17:29, 14 օգոստոս 2024 Հասարակություն

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծել է հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, ուսումնական գրականության փորձաքննության, ուսուցման արդյունքների գնահատման փորձագետների շտեմարան, որի համար նախապես հայտարարվել էր մրցույթ: Հանրակրթության ոլորտում հավաքագրվում են դպրոցական ծրագրով դասավանդվող առարկաների, գնահատման, կառավարման, ինչպես նաև հետազոտություն իրականացնող և ուսուցիչների մասնագիտական զարգացմանը աջակցող փորձագետներ:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, անդրադառնալով նոր գործընթացին, նշում է, որ նպատակը տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման համար մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների ներգրավումն է համակարգում. «Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչները նոր են մտնում դպրոցներ, և նյութին տիրապետող լավ մասնագետների կարիք կա: Որոշվեց ներգրավել նեղ մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների, որոնք կարող են ունենալ նաև հիմնական աշխատանք այլ կառույցներում, բայց որպես փորձագետ՝ իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունը կծառայեցնեն հանրակրթության ոլորտին»:

Արտաշես Թորոսյանի խոսքով՝ փորձագետները ընտրվում են՝ հաշվի առնելով թեկնածուների՝ հանրակրթության չափորոշչի իմացությունը. «Միանշանակ է՝ չի կարող չափորոշիչը չիմացող կամ դրան ուղղակի ծանոթ մարդը դառնալ փորձագետ: Կան փաստաթղթեր, որոնց՝ ամբողջ ծավալով իմացությունը պարտադիր է: Փորձագետը լիարժեք պետք է տիրապետի հանրակրթության պետական չափորոշչին, առարկայական չափորոշչին, առարկայական ծրագրերի կառուցվածքին, սահմանված վերջնարդյունքներին, իմանա «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները, ուսուցիչների մասնագիտական չափանիշները, վերապատրաստման ծրագիրը, բաղադրիչները, կամավոր ատեստավորման սկզբունքները, տարակարգի պահանջները, կարգերը և այլն:

Երբեմն տվյալ մասնագետը շատ լավ գիտի առարկայական ծրագիրը միայն այն դասարանների համար, որտեղ ինքը դասավանդում է, ինչը բավարար չէ: Եթե նա չգիտի առարկայի ամբողջական ծրագիրը, որպես փորձագետ չի կարող արդյունավետ աշխատանք կատարել: Փորձագետն այն մասնագետն է, որը տվյալ առարկայի ուղղությամբ ամբողջությամբ տիրապետում է նյութին: Նա պետք է բավարար իմացություն ունենա, որպեսզի կարողանա սովորեցնել մյուսներին, թե ինչպես պետք է աշխատել»:

Մրցույթին դիմել է շուրջ 500 մասնագետ ՀՀ դպրոցներից, բուհերից, մասնավոր և պետական տարբեր կառույցներից. նրանցից շտեմարանում ներառվելու համար ընտրվել են 150-ը: Թորոսյանի խոսքով՝ ընտրվել են թե՛ բազմափորձ, թե՛ քիչ փորձառությամբ, սակայն  հարուստ գիտելիքով մասնագետներ:

ԿԶՆԱԿ-ի ղեկավարը հավաստիացնում է, որ փորձագետների ընտրության մրցույթը չի ավարտվում՝ այն շարունակական գործընթաց է:

«Այս պահին շտեմարանում ընդգրկվածներն ամբողջությամբ ապահովագրված չեն. հնարավոր է, որ նրանք աշխատանքի ընթացքում չկարողանան ապահովել պահանջները և դուրս մնան: Հետևաբար, շտեմարանում մշտապես կլինեն փոփոխություններ»,- իրազեկում է Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ  իրենք շարունակելու են ընդունել դիմումներ, անցկացնել հարցազրույցներ և  շտեմարանում ընդգրկել նոր փորձագետների:

Նշենք, որ փորձագետն իրականացնում է վճարովի աշխատանք. նրա հետ կնքվում է պայմանագիր, որի շրջանակում նա կազմակերպում է իր գործունեությունը:

 «Շտեմարանում ներառվելուց հետո կոնկրետ աշխատանքների վերաբերյալ փորձագետների շրջանում տարածվում է հայտարարություն՝ մոդուլներ մշակելու, կարծիք հայտնելու, վերապատրաստում իրականացնելու: Ընտրվում են շտեմարանի այն փորձագետները, որոնք համապատասխանում են պահանջվող աշխատանքներին:

Փորձագետներն աշխատում են տարբեր ուղղություններով՝ իրականացնելով փաստաթղթերի փորձաքննություն, մշակելով վերապատրաստման մոդուլներ՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար, որտեղ նոր ուսումնական տարում նոր չափորոշիչներն են ներդրվում: Այդ դասարաններում կան որոշակի նորություններ, դժվարություններ, և փորձագետները մշակում են ուսուցիչների աջակցության հեռավար դասընթացների մոդուլներ: Մշակվելու են նաև ուղեցույցներ, լինելու են առարկայական վերապատրաստումներ: Փորձագետների աշխատանքը նախ հաստատվում է ԿԶՆԱԿ-ի տվյալ բաժնի կողմից, ապա շրջանառվում»,- ասում է Արտաշես Թորոսյանը:

Նա այս գործընթացը հատկապես կարևորում է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում նեղ մասնագետների ազդեցության ինտենսիվությունը մեծացնելու, դպրոցներում արդյունավետ փոփոխություն արձանագրելու տեսանկյունից: Թորոսյանի տեղեկացմամբ՝ դրա վերաբերյալ առաջիկա սեպտեմբերից մինչև տարվա վերջ հետազոտական աշխատանք է պլանավորված՝ հասկանալու՝ ինչպես են տարբեր վերապատրաստումները փոխում ուսուցչի աշխատանքն ու մտածելակերպը, նրա դիրքորոշումը:

Հայտարարվել է մրցույթ նաև արտադպրոցական կրթության ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով: Այստեղ պահանջվում են մասնագետներ հետևյալ ուղղություններով՝ գեղագիտական դաստիարակություն, երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, կիրառական արվեստ, տեխնիկական կրթություն, զբոսաշրջային և տուրիստական կրթություն։

Ա. Թորոսյանը նշում է, որ ոլորտի մասնագետները պասիվ են, և արտադպրոցական կրթության փորձագետների հավակնորդներից դիմումները դեռևս քիչ են:

ԿԶՆԱԿ-ի պատասխանատուն կոչ է արել մասնագետներին ավելի ակտիվ լինել և ներգրավվել փորձագետների շտեմարանում՝ մասնագիտական ներուժով նպաստելով կրթության զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր