2013-ի տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկի ծախսն այցելության ընթացքում կազմել է 798 դոլար, իսկ մնալու միջին տևողությունը հաշվարկվել է 17 օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով Զբոսաշրջության կոմիտեի 2023-ի հաշվետվությունը, ասաց կոմիտեի նախագահ Սուսաննա Հակոբյանը:
«Այժմ ծախսերի տեսանկյունից արձանագրվել է աճ, ներկայումս այն կազմում է 1000 դոլար՝ ՀՀ-ում գտնվելու միջին տևողության ընթացքում: Իսկ մնալու տևողությունը նվազել է մեկ օրով՝ 16 օր: Այս առումով կան առանձնահատկություններ, սփյուռքահայերի՝ Հայաստանում գտնվելու տևողությունը երկար է, և ընդհանուր թվի մեջ դա ազդում է հաշվարկի վրա: Բայց սովորական զբոսաշրջիկը, ով ՀՀ է գալիս հանգստի համար, մեր երկրում մնալու տևողությունը կազմում է 6-7 օր»,- ասել է տիկին Հակոբյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելել է, որ հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային ծառայությունների գների խնդրին և նշել, որ այդ հարցին պետք է անդրադառնալ հետևյալ տրամաբանությամբ՝ արդյոք այստեղ խնդիր կա, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական ուղերձը և ծրագրերը մասնավոր ոլորտի գործընկերներին պետք է լինի բիզնեսների արդյունավետության հաշվին ինքնարժեքները նվազեցնելու վերաբերյալ: «Դա է մեր ճիշտ ճանապարհը, որովհետև մեր քաղաքականությունը պետք է լինի բիզնեսների արդյունավետության բարձրացումը՝ էներգաարդյունավետություն, կառավարման արդյունավետություն, ծախսերի արդյունավետություն և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:
Խորհրդակցության ընթացքում տեղեկացվել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ից։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցի՝ նշվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա, իսկ 2025 թ. հունվարի 1-ից կներդրվի որակավորման նոր համակարգ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար։
«Մենք մինչ օրս զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվություն չենք ունեցել: Միաժամանակ, արտագնա զբոսաշրջային ծառայությունների համար սահմանվել է ֆինանսական երաշխիքի պահանջ, քանի որ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ, օրինակ՝ ավիաընկերությունը զբոսաշրջիկներին տեղափոխել է արտերկիր, սակայն հետ չի վերադարձրել ու պետական բյուջեից միջոցներ են ծախսվել՝ ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնելու համար: Մյուս կարևոր փոփոխությունը զբոսավարների պարտադիր վերաորակավորման պահանջն է, ինչն անմիջականորեն կապված է երկիրը, պատմությունը ճիշտ ներկայացնելու հետ: Օրենքն անդրադառնալու է նաև զբոսավարի էթիկայի կանոններին: Ներդրվել է նաև զբոսաշրջային ծառայությունների վերահսկողական գործառույթ, ինչը ևս նախկինում բացակայել է»,- ասել է Սուսաննա Հակոբյանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր է նաև զբոսաշրջիկների տեսակետից. «Երբ նրանք ազդակ են ստանում, որ սա պետական վերահսկողության ներքո գործառույթ է, վստահությունը և գրավչությունը դրանից ավելի է մեծանում»: