Մարտակերտի Մաղավուզ գյուղում ծնված Էդուարդ Դանիելյանին՝ հազարավորների հետ, Արցախի հողը գրկել ու պահում է․ 21-ամյա զինծառայողը դիրքապահ էր իր պաշտելի «Եղնիկներ»-ում, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները սեպտեմբերի 19-ին հարձակվեցին Արցախի վրա։ Այդ օրն առավոտյան՝ ժամը 11-ին, Էդուարդը նշանածի՝ Հասմիկի հետ խոսել է, բայց ոչինչ չի ասել վերահաս վտանգի մասին։ Ծառայության հետ կապված ընդհանրապես ոչինչ չէր ասում Հասմիկին, անգամ կարոտի մասին չէր խոսում։
«Մի անգամ հարցեցի՝ չե՞ս կարոտում ինձ, որ մի անգամ չես ասում, ասաց՝ որ ասեմ, ավելի շատ եմ կարոտելու․․․ Բայց վերջին օրերին ասում էր, որ կարոտում է,-«Փաստինֆո»-ին հուզմունքից խեղդվող ձայնով ասում է Էդուարդի ընտրյալը՝ Հասմիկը։
Էդուարդը զորակոչվել էր 2021թ․ փետրվարին․ այս տարի պետք է զորացրվեր, բայց երեք տարով պայմանագիր էր կնքել։ Սկզբում Մարտակերտում էր ծառայում, հետո դիմեց ու տեղափոխվեց «Եղնիկներ»։ Դիպուկահար էր, մինչ այդ էլ՝ դիրքի ավագ, ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար։
Հասմիկը հիշում է՝ Էդուարդը միշտ նկարներ էր ուղարկում «Եղնիկներ»-ից, ասում, որ շատ գեղեցիկ բնություն է, կարծես՝ մառախուղը ոտքերիդ տակ լինի․․․ Նկարներն էլ այնպես էր անում, որ բնություն այդ հրաշք տեսարանները երևան։
Սեպտեմբերի 19-ին Հասմիկի հետ խոսելու ժամանակ ասել էր, որ պիտի գնան փայտ բերելու, քանի որ շատ ցուրտ էր, լեռներում ձյուն էր դրել։ Մի քանի ժամ անց ադրբեջանցիները հարձակվում են։ Այդ ամբողջ ընթացքում Էդուարդի հետ կապվել ոչ ոք չէր կարողանում․ անգամ հայրը, որ նույնպես ՊԲ-ի համակարգում էր, չէր կարողացել խոսել որդու հետ։
Զոհվելուց 12 ժամ անց մի կերպ գտնում են Էդուարդի մարմինը՝ կողքի դիրքի տարածքում։ Իրենց դիրքի անձնակազմից ողջ մնացած միակ զինծառայողի պատմելով են հարազատներն իմացել, որ հարևանությամբ գտնվող դիրքի վրա ռմբակոծիչ ինքնաթիռների հարվածներից անմիջապես հետո Էդուարդենք օգնության էին գնացել տղաներին, բայց չեն հասցրել․ ռմբակոծիչի հաջորդ հարվածից զոհվում են նաև իրենք․․․
«Էդ տղան պատմում էր, որ իրենց համոզում էր չգնան, քանի դեռ պտտվում ա էդ ինքնաթիռը, բայց չեն լսել տղաները, վազել են օգնելու ու իրենց էլ է խփել»,-պատմում է Հասմիկը։
Էդուարդին հուղարկավորել են սեպտեմբերի 23-ին՝ ծննդավայրում։ Հարազատներից միայն հայրն էր գյուղում․ մյուսներին արդեն տարհանել էին, ճանապարհն էլ՝ փակ էր։
«Կարմիր Խաչ խոստացավ, որ կգա կհանի, բայց չեկավ։ Սառնարանները չէր աշխատում դիահերձարանի, հնարավոր չէր պահել․․․ Հայրն էր միայն այնտեղ․․․ Ստիպված հուղարկավորեցին։ Որ Կարմիր Խաչը մի քիչ շուտ մտներ, գուցե տեղափոխեին Երևան։ Հիմա էլ չեն տեղափոխում դեռ, ասում են՝ անհայտ կորածներ կան, պիտի առաջնահերթ իրենց փորձենք գտնել»,-ասում է Հասմիկը։
Էդուարդն ու Հասմիկը նույն գյուղում են ծնվել, նույն դպրոցը հաճախել․ ընկերություն սկսել են անել դպրոցական տարիներից։
Բնականաբար, սկզբում բոլոր դեմ էին․ գյուղի համար անսովոր էր դա, բայց ոչինչ չխանգարեց նրանց՝ շարունակել իրենց ընկերությունը։ 2023թ․ հուլիսի 30-ին վերջապես նշանվում են։
«Առաջին անգամ այս տարի ծնունդիս մեր տուն եկավ․․․ Իր ծնունդին իսկ չեկավ, դիրքերում էր։ Ասացի՝ գոնե ծննդիդ կգաս, որ միասին նշենք․․․չեկավ։ Ասում էր՝ մեկուկես տարի է մնացել, կգամ ու կամուսնանանք․․․»,- հուզմունքից դողացող ձայնով ասում է Հասմիկն ու ավելացնում՝ չհասցրեցինք․․․