Լեռնային Ղարաբաղի հայությունը փրկվելու համար չունեցավ այլ ելք, քան լքել լիենց հայրենիքը։ Արդյունքում, այսօր ունենք 100 000-ից ավելի փախստականենր, որոնց կարիքները հոգալը և պատշաճ արժանապատիվ ու երկարաժամկետ լուծումներ տալը նաև ՀՀ ԱԳՆ-ի ուսերին են ծանրանում, դառնում են նաև ԱԳՆ-ի նպատակներն ու խնդիրները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թ-ի բյուջեի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խոսքը միջազգային աջակցության մեխանիզմները գործարկելու, այդ թվում նաև օգնություն ապահովելու մասին է։ Այդ թվում՝ նաև հունամիտար բնույթի, որովհետև կարող եմ վստահաբար պնդել, որ չկա մի պետություն, որը կարող է 3-4 օրում ընդունել 100 000-ից ավել փախստական և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի՝ ներառյալ երկրի քաղաքական դաշտում, տնտեսական ու սոցիալական համակարգերում»։
Գալով քաղաքական հատվածին, նա նշեց, որ ԼՂ էթնիկ զտումները հայերի տեղահանությունը մեծ բարդություններ, ակնհայտ բարդություններ է առաջացնում մեր հիմնական արտաքին քաղաքական օրակարգում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ-ի շուրջ։ «Խոսքը մեր խաղաղության օրակարգի, ՀՀ-ի 4 հարևանների հետ խաղաղ, սերտ, համագործակցային և կայուն հարաբերությունների ձևավորման մասին է։
Մեր խորին համոզմամբ՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է և շանս ունի շարունակական գոյություն ու զարգացումն ապահովելու։ Այս ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության խողովակով»։