00:00:00

36 տարեկանում այրիացավ, կորցրեց տուն ու հայրենիք, հիմա 3 անչափահասների հետ մնացել է բախտի քմահաճույքին

20:34, 19 հոկտեմբեր 2023 Հասարակություն

«Տասը հոգով ենք, չգիտենք էլ՝ ում տանն ենք ապրում, տան տիրոջը չենք տեսել, գյուղապետարանից ասել են՝ գնացեք, էս տանն ապրեք, թե ինչքան կապրենք, երբ կասեն՝ դուրս եկեք, չգիտեմ»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է 36-ամյա Ալիսան, որը Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո կորցրել է ամուսնուն, ու երեք անչափահասների հետ մնացել է բախտի քմահաճույքին։ 

Թե ինչպես է Արցախից Հայաստան հասել, չի հիշում, դժոխային այդ շրջանը բոլոր զգացումները քարացրել է․ ո՛չ արցունք կա, ո՛չ էլ իրականության զգացում․․․ Միակ իրականությունն այն է, որ ինքն այստեղ է՝ Հայաստանում, Արարատի մարզում, հայրենակիցներից մեկի բարեհաճությամբ գլխին ծածկ ունի, բայց թե ինչպես է հասել, ինչ դժվարություններով անցել, պատմելու չէ։

«Ծնողներիս, եղբորս ընտանիքի հետ այստեղ ենք, դատարկ պատերի մեջ, օր ենք մթնեցնում ու լուսացնում»,- պատմում է Ալիսան, որ կորցրել է ամեն ինչ՝ հայրենիք, տուն, հիշողություններ ու իր միակ հենարանին՝ ամուսնուն։

Թե ինչպես են ապրելու, ինչ են անելու, չգիտի, այդ մասին չի էլ մտածում՝ հիմա ուժ չկա մտածելու։

«Հիմա այստեղ երեխաներս դպրոց են գնում, փոքրս նոր դարձավ տարի երկու ամսական, ես էլ իրեն եմ պահում։ Լավ է, երեխաներն առավոտյան ուտելիք ունեն, գոնե նախաճաշում ու դպրոց են գնում։ Դրանով խիղճս մի պահ հանգստանում է։ Բայց հետո էլի նույն պատերն են, դատարկ պատերը, զգացումը, որ ուրիշի տանն ենք ապրում, որ վաղը կարող են ասել՝ դուրս եկեք։ Վաղվա օրն անհայտ է»,- մտքերը հավաքելով ասում է մեր զրուցակիցը։

Մտքերը հավաքում է, ներկայացնում վիճակը, հիշում, որ Մաճկալաշենում իրենց տունն ունեին, ապահով ապրում էին, ամուսինը շինարար էր, կարողանում էր օրվա հացը վաստակել, մի օր լավ, մի օր վատ ապրում էին, բայց գոնե գիտեին՝ իրենց տանն են, իրենց հայրենի հողում։ Իսկ հիմա, որքան էլ արցախցու հպարտությունը թույլ չի տալիս, ամաչում է ասել, բայց օգնության կարիք կա, քանի որ այն, ինչ ունեին, մնաց հայրենի Արցախում, իսկ հիմա ոչինչ չունեն․․․ ունեն իրենց տաքուկ տնից վերցրած մի քանի հագուստ ու հիշողություններ՝ ամբողջ կյանքում դրանց օգնությամբ ապրելու համար։
Այդ օգնությունն էլ պետք է, քանի որ այժմ չի կարող աշխատել, փոքրիկին պետք է պահի, մեծացնի, երեխաներին օգնի դասերը պատրաստել։ Տան մյուս չափահասներն էլ դեռ աշխատանք չեն գտել, այնպես չէ, որ չեն ուզում, պարզապես, դեռ իրենք էլ ուշքի չեն եկել, չեն հասկանում՝ ինչ է պետք անել, որտեղից է պետք քանդված կյանքի հյուլեները հավաքել ու սկսել նորից ապրել՝ հոգին ու միտքը Արցախի լեռներում թողած։

Հ․Գ․ Ալիսա Հայրապետյանի ընտանիքը պետության կողմից որևէ դրամական աջակցություն դեռևս չի ստացել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր