Կարգապահությունից մինչև կազմակերպչական հարցեր, զարգացման առաջիկա հեռանկարներ, բժշկի աշխատանքի նրբություններն ու մարդասիրական կողմերը, բազմաթիվ այլ թեմաներ քննարկվեցին երեկ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
«Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ հերացիականներ, ինձ համար հրաշալի հնարավորություն է այսօր ձեզ ողջունելու մեր մայր բուհում, Ուսանողական խորհրդարանի կազմակերպած այս հանդիպմանը: Հույս եմ հայտնում, որ այսպիսի հավաքները կմտնեն բնականոն հունի մեջ և այն փորձությունները, որով անցավ թե՛ մեր ժողովուրդը, թե՛ պետությունը, թե՛ համալսարանը, մասնավորապես` ինչ-որ մասով զրկել է ձեզ ուսանողական կյանքից, այնուամենայնիվ համալսարանն անցած ճանապարհով հպարտություն է ներշնչում բոլոր շրջանավարտներին, աշխատակիցներին, սովորողներին` թե՛ պատերազմի, թե՛ համավարակի ընթացքում պատասխանատվության, պրոֆեսոնալիզմի վիթխարի չափաբաժնով կարևոր աշխատանք կատարել, մասնակիցը դառնալ պայքարի` ձուլվելով իրականացվող համապետական ծրագրերին՝ շնորհիվ նախաձեռնողականության և այն մեծ հեղինակության, որը վայելում է համալսարանը»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին ասաց Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ COVID-19-ի ընթացքում համալսարանը ապացուցողական բժշկության վրա հիմնված հանրային իրազեկման գործառույթ իրականացրեց:
Բժշկական բուհում բոլոր կարևոր միջոցառումները հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ են մեկնարկում:
Ռեկտորը խորին երախտագիտություն, խոնարհում հայտնեց այն տղաներին, որոնք համալսարան եկան որպես առաջին կուրսեցի, սակայն պատկերացում չէին կարող ունենալ, որ հետագայում կունենան բուհում նաև այլ, հատուկ կարգավիճակ, ինչպես նաև այն հայրենիքի պաշտպանները, որոնք մարտի դաշտում ձեռք բերեցին առողջական խնդիրներ:
«Գիտեք, որ Զինվորի տունը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ձևավորվեց որպես ժողովրդի հասունացման դրսևորման հաստատություն: Չեմ թաքցրել երբեք, որ կապված եմ բժշկական համալսարանի հետ, որովհետև այստեղ մանկությունս է անցել, շատ սիրում եմ այս հաստատությունը, առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, որ համալսարանը դարձավ Զինվորի տան համահիմնադիր»,- նշեց նա` հավելելով, որ Զինվորի տունը, Մատենադարանը, Օպերային թատրոնը քաղաքակրթության հասունացման ձևաչափն են, որոնցով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին:
Պրոֆեսոր Մուրադյանը ընդգծեց ու բարձրաձայնեց այն մարդկանց մասին, որոնք հերոսացան մարտի դաշտում չընկնելով.
«Հավատացեք՝ այսօր սրընթաց փոփոխվող աշխարհում հերոս դառնալը ապրելով ավելի դժվար է: Սրանք այն արժեքներն են, որոնց կրողը պետք է լինենք»:
Կարևորելով ուսանողների դերը` նա նշեց, որ բժշկական կրթություն ստացող մարդը պարտավոր է լինել սոցիալապես պատասխանատու բոլոր նրանց համար, որոնց հետ առնչվելու է առաջիկայում:
Պատասխանատվությունն այս դեպքում դառնում է շարժառիթ և այն պետք է կրել այլոց համար հենց առաջին կուրսից` անցնելով բարդ առարկաների ուսումնառության, մասնագիտացման դժվարին ճանապարհ:
Նա խոսեց օրինակներով իրենից տարիքով փոքր այն բժիշկների մասին, որոնց պարտքի զգացումը, մարդասիրական պատասխանատվությունը առաջնորդեց դժվարին իրավիճակում:
Ռեկտորը շեշտեց, որ բժշկական համալսարանը սկզբունքորեն որևէ տեսակի ներքաղական, քաղաքական ներգրավածություն չի ունեցել և չի ունենալու, սակայն սոցիալական պատասխանատվության դաշտում անմասն լինել չենք կարող, թե՛ պատերազմի, թե՛ համավարակի դեմ պայքարում:
Բոլորս ականատես եղանք, թե ինչպես շաբաթներ առաջ մեր հայրենակիցները ընտանիքներով լքեցին մշտական բնակավայրը, բռնի տեղահանվեցին` անցնելով վտանգներով լի ճանապարհին:
«Տեղի հիվանդանոցում աշխատում էր 611 մարդ, նրանցից մնացել էին 45-ը և գիտեին, որ 45 բուժաշխատողով պետք է ապահովեն վիրավորների բուժօգնությունը, որոնց թիվը 220-ն էր: Այդ պահին, երբ շատ բժիշկների հարազատներ ճանապարհին էին և հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած էին այլ երկիր ներկայացնող զինված մարդիկ, 45-ով նրանք 220-ի համար էին պատասխանատու: Այդ օրը եղավ այն պայթյունը, որի մասին գիտեք, և ևս 221 մարդ մեկ ժամվա ընթացքում ընդունվեց այդ հիվանդանոց»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը` համեմատական տանելով, որ սովորական պայմաններում, երբ բուժհաստատություն ընդունվում է 5 քաղաքացի դա զանգվածային ընդունելություն է համարվում:
Այս մարդիկ, նրա գնահատմամբ` այսօրվա հերոսներ են, և կոչմամբ բժշկի նա տեսնում է հենց այդպիսին, որը կատարում է իր պարտականությունները մինչև վերջին հիվանդի տեղափոխումը:
Լսարանին ռեկտոր Մուրադյանը ներկայացրեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանին, որն իր առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարման ուղղությամբ տնօրենի պաշտոնում:
Բուհի ղեկավարի մեծ ցանկությունն է, որպեսզի երիտասարդները ճանաչեն իրենց գործի օրինակելի նվիրյալներին:
Խոսելով կրթագիտական հաստատության ճանաչելիության մասին, մատնանշեց երկու ճանապարհ. շրջանավարտները, որոնք այսօր գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրում, և այն գիտական հոդվածները, որոնք տպագրվում են ազդեցության բարձր գործակից ունեցող հեղինակավոր պարբերականներում:
Անդրադարձավ նաև համալսարանական երեք հիվանդանոցի ծանրաբեռնվածությանն ու գործառույթներին, Կարիերայի կենտրոնին և համալսարանի տարբեր ստորաբաժանումներին:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան մեկ ժամ տևողությամբ անցկացված միջոցառմանը ռեկտորը հորդորեց ապագա բժիշկներին իրեն ուղղված հարցադրումներում լինել անկաշկանդ և անմիջական:
Առաջին կուրսեցիները հարցեր ուղղեցին գրքի վարման կարգից, գրքի հանդեպ անհրաժեշտ հարգանքից, ուսումնական այլ հարցերից, որոնց առնչվում են ամեն օր:
Կարգապահության մասին խոսելով` Արմեն Մուրադյանը նշեց, որ համալսարանը ձևավորում է նաև վարքագիծ և ինչպես ուսանողական տարիներին, այնպես էլ հետագայում մարդկանց, բուժառուների հետ հաղորդակցման հմտություններ ունենալը անչափ կարևոր է բժշկի աշխատանքում:
Նա խոսեց նաև միջազգային հավատարմագրման գործընթացի մասին` տեղեկացնելով, որ այս օրերին եռօրյա այցով ԵՊԲՀ-ում է միջազգային հավատարմագրումն իրականացնող փորձագիտական խումբը, որը հանդիպում ունեցավ նաև Ուսանողական խորհրդարանի անդամ ուսանողների հետ:
Նշենք, որ տարբեր կուրսերի ապագա բժիշկների հետ հանդիպումները ռեկտորի հետ տարբեր ձևաչափերում շարունակական են և ամենամյա: