00:00:00

Ամեն ինչ կտայի, որ դա տեղի ունեցած չլիներ. սպանության գործով ամբաստանյալ

21:40, 21 մայիս 2018 Պատահարներ

«Դոդիկ» արտահայտության համար մեկ ուսանողի սպանության, ևս մեկ ուսանողին միջին ծանրության վնասվածք պատճառելու գործով ամբաստանյալ Կարեն Չատիկյանն իր ցուցմունքում մասնակի ընդունեց մեղադրանքը: Նա նշեց, որ ընդունում է, որ դանակով վնասվածքներ է պատճառել երկու տուժողին էլ, սակայն չընդունեց, որ դիտավորությամբ է հարվածներ հասցրել: «Շատ ցավում եմ, զղջում եմ, ամեն ինչ կտայի, որ դա տեղի ունեցած չլիներ»,- ասաց ամբաստանյալը: Կ.Չատիկյանը հայտնեց, որ ինքը վիճաբանելու նպատակով չի գնացել տուժողների հետ հանդիպման, այլ որպեսզի տուժող Ռ. Մարտիրոսյանն ընդունի իր սխալն ու նման կերպ չարտահայտվի աղջիկների ներկայությամբ: «Դանակն օգտագործելու մտադրություն չունեի, չէի էլ մտածում, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել»,- ասաց ամբաստանյալը: Սակայն իրադարձություններն այլ կերպ են զարգացել, ինչ-որ մեկը խեղդում էր իրեն, ինքը կռացած վիճակում նախ ձեռքերով է հարվածել, նրանից ազատվելու համար, սակայն երբ դա իր մոտ չի ստացվել, ինքն այլ ելք չունենալով, ստիպված՝ շալվարի գրպանից հանել է դանակը, խառը հարվածներ հասցրել՝ փորձելով պաշտպանվել: Ըստ ամբաստանյալի, ինքն աշխատել է գոտկատեղից ցածր հարվածել, որպեսզի ոչ ոք լուրջ վնասվածք չստանա: Երբ խեղդող տղան իրեն բաց է թողել, նոր տեսել է, որ դա տուժող Վահե Մուրադյանն է: Ինչպե՞ս է պատահել այդ դեպքում, որ սպանված Վ.Մուրադյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի վերին հատվածում հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ միակ հնարավոր տարբերակն այն է, որ քաշքշուկի ժամանակ Վահեի կրծքավանդակն ևս եղել է ներքևում: Մինչև ամբաստանյալի հարցաքննությունը նրա պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալի հարազատները իրեն են փոխանցել մեկ մլն դրամի չափով գումար, մոտ ժամանակներս որոշակի գումար ևս կտրվի՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Տուժող Վ.Մուրադյանի իրավահաջորդը, ով ներկա չէր այսօրվա դատական նիստին, նրա ներկայացուցչի փոխանցմամբ, մոտակա ժամանակներս իր դիրքորոշումը կհայտնի մասնակի փոխհատուցման հարցի շուրջ՝ հիշեցնենք, տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր ամբաստանյալից 4 մլն դրամի քաղհայցի պահանջ: Հաջորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես կգա մեղադրողը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր