Օգոստոսի 5-ին` ժամը 04.32-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրներից մեկի պահակը և հայտնել, որ ատրճանակով զինված անձինք ռեստորանից հափշտակել են խմիչք, այլ իրեր:
Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք մտել են ռեստորանային համալիր, որտեղ կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչք:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 5-ին ավազակային հարձակումը կատարել են 29-ամյա, 39-ամյա և 43-ամյա երեք տղամարդիկ, որոնցից մեկը՝ Գյումրի քաղաքի, մեկը՝ Սևան քաղաքի բնակիչ, իսկ երրորդը՝ ՌԴ քաղաքացի:
Տղամարդիկ նույն օրը Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «Աուդի» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: